ՌԴ-ն չի նախատեսում իջեցնել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը, դեսպանը կվերադառնա Երևան․ Գալուզին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունից հետո շուտով կվերադառնա Հայաստան, հարաբերությունների մակարդակն իջեցնելու մասին խոսք չկա։


Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:


«Դեսպանին խորհրդակցությունների կանչելը սովորական դիվանագիտական պրակտիկա է, որի շրջանակում էլ Սերգեյ Կոպիրկինը կանչվել է խորհրդակցությունների: Մենք դրանք անցկացրել ենք: Ըստ այդմ, կարծում եմ, որ շատ շուտով կարելի է սպասել, որ Սերգեյ Պավլովիչը կվերադառնա Երևան և կվերսկսի իր պարտականությունները»,- ասել է փոխարտգործնախարարը:


Պատասխանելով երկրների միջև հարաբերությունների մակարդակի հնարավոր իջեցման վերաբերյալ հարցին՝ Գալուզինը վստահեցրել է, որ այդ մասին բացարձակապես խոսք չկա:


«Դեսպանին կանչել են խորհրդակցությունների, նա հետ չի կանչվել: Ռուսաստանը և Հայաստանը դաշնակիցներ են, ռազմավարական գործընկերներ։ Լինում են հակասություններ, բայց դա չի նշանակում, թե մենք իջեցնում ենք մեր հարաբերությունների մակարդակը»,- շեշտել է Գալուզինը:


Հիշեցնենք՝ մայիսի 24-ին, Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցությունների համար կանչվել էր Մոսկվա: